ԱՄՆ-ի Սենատ օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին

Մի խումբ ամերիկացի սենատորներ, որոնց թվում են դեմոկրատ Բեն Քարդինը, հանրապետական Ջոն Մակքեյնը եւ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը, հունվարի 10-ին Սենատի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ ենթադրյալ կիբեռգրոհների պատճառով Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ցանկանում ենք այսօր հայտարարել, որ ներկայացնում ենք համապատասխան օրինագիծ, որը լրացուցիչ պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ-ի նկատմամբ»,- հունվարի 10-ին լրագրողներին ասել է սենատոր Քարդինը:

Նրա խոսքով՝ «մեր դեմ գրոհել են»: «Եվ մեր դեմ գրոհել է Ռուսաստանը»,- հայտարարել է Քարդինը: Նա ընդգծել է, որ «հետախուզության հունվարի 6-ի զեկույցը պարզորոշ վկայում է, որ գրոհը ղեկավարել է նախագահ Պուտինը, եւ որ այնուղղված է եղել մեր ընտրական համակարգի նկատմամբ վստահության խաթարմանը»:

Քարդինը հավելել է, որ պատժամիջոցները կվերաբերեն Էներգետիկական հատվածին եւ սուվերեն պարտքի ոլորտին: «Դրանք (պատժամիջոցները) կկիրառվեն Էներգետիկական հատվածում, ինչպես նաեւ ուղղորդված են նրանց դեմ, ովքեր ներքաշվել են ռուսաստանյան ակտիվների մասնավորեցման գործում»,- ասել է նա:

Բացի դրանից, պարզաբանել է սենատորը, պատժամիջոցներ կսահմանվեն կոնկրետ մարդկանց նկատմամբ, որոնց, մասնավորապես, կարգելվի ԱՄՆ մուտքը, ինչպես նաեւ նրանց կարգելվի օգտագործել երկրի բանկային համակարգը:

Նոր օրինագծի պատճառները ոչ միայն ենթադրյալ կիբեռգրոհներն են, այլեւ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, Վրաստանում, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումը, հայտնել է Քարդինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan