Հարազատների շուրթերին միայն աղոթք է.նորակոչիկները մեկնեցին կատարելու իրենց պարտքը

Ամանորի ու սուրբծննդյան տոներից հետո Արմավիրի մարզի նորակոչիկները մեկնեցին կատարելու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը: Այդ օրը տղաների համար դարձյալ տոն է: Նրանք հուսադրում էին ծնողներին ու հարազատներին, գիտակցում ծառայության արժեքն ու իրենց դերը հայրենիքի պաշտպանության սրբազան գործում: Ջանֆիդա գյուղից Յուրա Խաչատրյանի քաղաքացիական կյանքը 2 տարով փոխարինվելու է զինվորականի: «Ծառայությունը տղայի համար է, թող բոլորն էլ ծառայեն: Բանակը տղային, այսպես ասած, տղամարդ է դարձնում»,- ասում է:Այս մասին գրում է Armradio.am-ը:

Հայրենասիրության առաջին դասերը նորակոչիկներն ստանում են հենց Սարդարապատում, որը մեր պետականության վերականգնման խորհրդանիշն է: Ձմռան ցուրտը չի ընկճել հայոց բանակին զինվորագրվողներից և ոչ մեկին: Նրանք սպասումների մեջ են: Հնչում է ՀՀ օրհներգը, ներկաները Սարդարապատի բարձունքում ծաղիկներ են խոնարհում Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին ու խաչքարին: Նորակոչիկներին ոգևորելու և նրանց բանակ ճանապարհելու էր եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այսօր դուք ձեր կյանքում կատարում եք շատ լուրջ անցում, հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց դուք դառնում եք հայրենիքի պաշտպան, ձեր ընտանիքի ջերմությամբ շրջապատված երեխայից դուք դառնում եք ձեր ընտանիքը պաշտպանող տղամարդ, ձեր ուսուցիչների հայրենասիրական դասերը լսող աշակերտից դուք ձեր արարքով դառնում եք ամենամեծ հայրենասիրության դասը տվող քաղաքացին: Ձեզ բարի ծառայություն և բարի վերադարձ»,- ասում է նա:

Վիգեն Սարգսյանը երախտիքի խոսք հղեց նաև նորակոչիկների ծնողներին, որոնք որդիների դաստիարակության մեջ կարևորել են հայրենիքի սերը: Նրանք պետք է ամուր պահեն կապը բանակի հետ, պետք է վստահեն հրամանատական կազմին, որոնք զինվորների անվտանգության տեսակետից ավելի խստապահանջ են գտնվելու նրանց նկատմամբ: «Վստահեք իրենց, վստահեք հայոց բանակին, ես վստահ եմ, որ ամեն ինչ լինելու է շատ լավ»,- ասում է։

Լավագույն ծառայության համար պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց զինվորների ծնողներին: Արամ Անդրեասյանը հպարտության զգացումով նախարարի ձեռքից ստացավ շնորհակալագիրը: Հոր համար սպասելի էր, լավագույն ծառայության համար շնորհակալագիր էին ստացել նաև իր ծնողները: Որդին՝ Սուրեն Անդրեասյանը պաշտպանում է հայրենիքի հարավային սահմանը:

Տարվա առաջին զորակոչին նորակոչիկների կողքին էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով ծնողներին ու վաղվա զինվորներին մարզպետը շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ մաղթելով անփորձանք ու բարի ծառայություն:

71-ամյա Վարդիթեր տատիկը 5-րդ թոռանն էր ճանապարհում բանակ: Տատիկը վստահ է, որ այս թոռն էլ պատվով է կատարելու իր գործը, Նվերը ամենահարազատն է, իր պահածը: Պատրաստ է ուրախ ճանապարհելու նաև մյուս թոռներին՝ ցանկանում եմ բոլորին բարի ճանապարհ մինչև տեղամաս, բարի ծառայություն՝ ընթացքում և թող նրանք նորից լսեն իրենց ծնողների սրտի թրթիռը իրենց վերադարձով:

Հպարտության զգացումը պատել էր Հռիփսիմե Սամվելյանին, նույն զգացողությունն ուներ նաև որդին՝ Գևորգը: Տղան սովորականից ավելի վաղ է արթնացել ու շտապեցրել ծնողներին: «Եթե իմ որդին չծառայի, ապա ով է պաշտպանելու մեզ, մեր տունն ու հայրենիքը: Թող ծառայեն խաղաղ երկնքի ներքո»:

Հարազատների շուրթերին միայն աղոթք է, նրանք ևս մեկ անգամ լուսանկարվեցին տղաների հետ, բարեմաղթանքներ տվեցին ու ճանապարհեցին ծառայության:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan