BBC-ն ներկայացրել է 6 ուշագրավ փաստ Հայաստանի մասին

Բրիտանական BBC հեռուստաընկերությունն առաջարկել է իր ընթերցողներին ճանաչել Հայաստանն ու 6 ուշագրավ փաստ ներկայացրել Հայաստանի մասին՝ նշելով, որ հայերը վերջին մի քանի շաբաթում հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում խոշորամասշտաբ բողոքի ցույցերի իրականացմամբ:

1. Ավելի շատ հայեր բնակվում են երկրից դուրս, քան երկրի ներսում:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ երկրի ներսում շուրջ 3 մլն մարդ է բնակվում, սակայն միլիոնավոր հայեր բնակվում են արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում հիմնած մեծագույն համայքներով:

2. Արարատ լեռն ազգային խորհրդանիշ է հանդիսանում, թեև այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Լեռը հիշատակվում է որպես Նոյյան տապանի աստվածաշնչյան հանգրվան:

3. Այն ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից է: Հայաստանն առաջին երկիրն է, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն:

4. Շախմատ սովորելը պարտադիր է: Աղբյուրն ընդգծում է, որ 2011-ից ի վեր 6-8 տարեկան աշակերտները պարտադիր շախմատ են անցնում դպրոցներում:

5. Երկիրը հպարտ է իր կոնյակով: Հեռուստաընկերությունը նշում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին տասնյակ անգամներ հայկական կոնյակ է նվեր ուղարկել: Տարիներ անց՝ 2013-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնին ևս հայկական կոնյակ է նվիրել՝ կրկնելով պատմությունը:

6. Բազմաթիվ հանրաճանաչ մարդիկ հայկական արմատներ ունեն: Նրանց շարքում աղբյուրը նշում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, շախմատիստ Գարրի Կասպարովին, երգչուհի Շերին և հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյանին, ով իր աջակցությունն էր հայտնել հայերին վերջին ցույցերի ժամանակ:



Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan