Հայաստանը միակ երկիրն է, որը լինելով ԵԱՏՄ անդամ,պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ–ից, ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում և հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական և միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը:

Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացների և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին՝ Արա Բաբլոյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման դարավոր փորձը և ուսանելի համարել այն փորձի փոխանակման առումով: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն և իշխանության ապակենտրոնացում:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ՝ դառնալով կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականներին ապաստանելու, հետագայում էլ Ցեղասպանությունն ընդունելու և դատապարտելու համար՝ նշելով, որ դատապարտելը կանխարգելման մի ձև է:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս հարցին տարբեր մեկանաբանություններ են տրվում, սակայն պատմականորեն ապացուցված է, որ հայերն են ապրել այդ տարածքում և անկախության հանրաքվե անցկացնելով՝ ձեռք են բերել անկախություն: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արցախցիներն առաջինն էին, որ Խորհրդային Միության օրոք բարձրաձայնեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման և մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Արա Բաբլոյանը փաստել է. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ: Մեր խնդիրն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ հարցին լուծում տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով»:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Հայաստանը և Նիդերլանդները կխորացնեն համագործակցությունը կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառներում՝ նպաստելով իրենց ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ կյանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների համար էլ առաջնահերթ տեղ են գրավում ժողովուրդների անվտանգությունը, առողջությունը և կրթությունը:

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան այցելելը: Սենատի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևոր դիրք է գրավում տարածաշրջանում և կարող է կամուրջ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև՝ կապելով իրար ժողովուրդներ և երկրներ:

Անկի Բրուկերս-Քնոլը՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի Սենատի նախագահ, կարևորել է Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումները և դրանց հաջորդող գործընթացները ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին հանգամանալից ներկայացրել է իր երկրում օրինաստեղծ գործունեությանն առնչվող հարցերը, Նիդերլանդների խորհրդարանում և կառավարությունում իշխանության և ընդդիմության հարաբերակցությունը և համատեղ աշխատանքը օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:

Տիկին Բրուկերս-Քնոլն անդրադարձել է այս տարվա մարտին Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և նոր, բազմակուսակացական կառավարության ձևավորման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը և Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Նիդերլանդների Սենատի նախագահը գրառում է կատարել է ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ Ազգային ժողովի այգում եղևնի են տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների հարատև բարեկամության:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan