Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» հիմնելու ծրագիրը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է վերջին երկու տարիներին Իրանի կապի և հաղորդակցության ոլորտում իրականացված ծրագրերը, գրանցված առաջընթացը։ Նա նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի սարքավորումների, փոստային ծառայությունների ոլորտում իրանական ընկերությունները պատրաստ են համագործակցել հայկական ընկերությունների հետ:

«Առաջին իսկ առիթի դեպքում իրանական ընկերությունները պատրաստ են հյուրընկալվել Հայաստանում և քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները»,- ասել է Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահան Մարտիրոսյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տարածաշրջանային «Դատա կենտրոն» (datacenter) հիմնելու ծրագիրը։

Նա ընդգծել է, որ այն կարող է շահավետ լինել ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, ուստի կենտրոնի կառուցման գործում ցանկալի է իրանական մասնավոր կամ պետական ընկերության հետ համագործակցությունը։

Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին նույնպես ընդգծել է մասնավոր ընկերությունների ներգրավվածության նպատակահարմարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև ինտերնետ կապի փոխանակման, դրանց ծավալները մեծացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային ծառայությունների, կիբերանվտանգության բնագավառներում համագործակցության նոր հեռանկարները և հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանը իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության զարգացման կոնկրետ ուղղությունները:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan