Վարչապետը Դավիթ Լոքյանի առջև խնդիր դրեց

Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ:

«Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների շուրջ 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները, առանց Երևանի, ընդամենը 51.2 տոկոսով»,- ասաց վարչապետը:

Հաշվի առնելով այն, որ չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների՝ վարչապետը հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին ու համայնքների ղեկավարներին առաջարկեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

Դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ պետք է հետևողական լինել իրականացվող ծրագրերին ու ժամանակացույցին: «Իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի 25 տոկոս ցուցանիշը բավարար չէ: Մինչև տարեվերջ պայմանագրերը պետք է կնքվեն 100 տոկոսով, նույնը վերաբերում է նաև աղբահանության հավաքագրումներին»,- ասաց վարչապետը:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan