Սպաներին կհատկացվեն բնակարաններ նախկինից անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով. Վիգեն Սարգսյան

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաներին կհատկացվեն բնակարաններ մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ առաջարկվում է գործող կարգը փոխարինել հատուկ բնակարանային կարգով:

«Այժմ շարունակվում են մասնագիտական քննարկումներ: Դեռեւս չէի ցանկանա բացել փակագծերը: Մինչեւ ամսվա վերջ կավարտվեն քննարկումները, և լայն հասարակությանը կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Ամեն դեպքում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելիորեն ավելի հարմար պայմաններով: Ընդ որում, յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ այդ ծրագրից օգտվելու իրավունք է ստանում: Որեւէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», - ընդգծեց նա:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ սպաների բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա, այնուամենայնիվ, ծրագիրը խնդիրը չի լուծել, քանի որ եղել են դեպքեր, երբ սպաներն արհեստականորեն վատթարացրել են բնակարանային պայմանները, ինչի արդյունքում ձեւավորվել է բնակարանային խնդիրներ ունեցող սպաների հսկայական ցուցակ:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan