Ազգային ժողովի կարողությունների հզորացման կարևորություն կա. Թևան Պողոսյան

«Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն նորընտիր խորհրդարաններ և այս ծրագրի իրականացումը լավ հիմք է հինգ տարվա ընթացքում լավ համագործակցություն ծավալելու համար»,- Միացյալ Թագավորության կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր իրականացման վերաբերյալ նամակ-համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում նամակ-համաձայնագիրը ստորագրեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Դեսպանի ներկայացմամբ, ծրագրի հիմնական նպատակները մի քանիսն են. «Խորհրդարանի նոր գործառույթներից մեկը կլինի կառավարության նկատմամբ վերահսկողությունը: Միացյալ Թագավորությունում մենք ունենք շատ լավ զարգացած խորհրդարանական վերահսկողության համակարգ, և, կարծում ենք, որ այդ փորձառությունը կարևոր կլինի Հայաստանի համար: Մենք կարծում ենք, որ աջակցությունը ոչ միայն կմեծացնի նոր խորհրդարանականների կարողությունը՝ իրագործելու իրենց վերահսկողական գործողությունները, այլ նաև կսատարի Ազգային ժողովի քարտուղարությանն օգնելու նրանց վերլուծական գործունեությանը:Ծրագրի կարևոր կողմը կլինի նաև ռազմավարական հաղորդակցությունը, որպեսզի խորհրդարանականները կարողանան հանրությանը ներկայացնել, թե ինչով են իրենք զբաղված, ինչ գործառույթներ են իրենք իրականացնում:Կլինեն նոր խորհրդարանականների համար կողմնորոշման հատուկ միջոցառումներ և կանանց ֆոկուս-խմբեր»:

Պատասխանելով հարցին, թե բրիտանական խորհրդարանի համար ինչո՞վ օգտակար կլինի այս համագործակցությունը, Ջուդիթ Ֆարնուորթն ասաց. «Դեռևս սպասում ենք նորընտիր խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորմանը, բայց, կարծում են, որ այս ծրագրի միջոցով հնարավորություն կընձեռվի մեր խորհրդարանականներին ավելի լավ հասկանելու այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում»:

Ծրագրի անմիջական իրականացնողը ՀՀ Ազգային ժողովում կլինի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:

Լրագրողների հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն ասաց, որ դեռ պատգամավոր ժամանակ, երբ մշակվում էր նոր Կանոնակարգ օրենքը, հասկանալի էր, որ շատ մարդիկ չեն տիրապետելու այն փոփոխություններին, որոնք այնտեղ գրվում էին, իսկ քննարկումներն էլ արագացված տեմպերով էին ընթանում, բացի այդ, նոր խորհրդարան է ընտրվել:

«Երբ դուրս եկա քաղաքացիական հասարակություն, իմ առաջին հանդիպումներում բարձրաձայնել եմ այն խնդիրը, որ Ազգային ժողովի կարողությունների հզորացման կարևորություն կա, որպեսզի փորձենք ստանալ այն պառլամենտը, որը զգալու է, որ ինքն է կառավարող մոդելի հիմքում կանգնած»,-նշեց նա:

Թ. Պողոսյանի խոսքով, հերթական հանդիպումների ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Ազգային ժողովի նոր ղեկավարությունը պայմանավորվել էին իրագործել ծրագիր, հայտարարված մրցույթում ընտրվել է իրենց ներկայացրած ծրագիրը: Նրա ներկայացմամբ, ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ՝ աշխատանք նոր պատգամավորների հետ, աշխատանք հանձնաժողովների, խմբակցությունների, աշխատակազմի հետ:

«Նաև երկու գլխավոր ուղղություն կա. օգտագործելով Մեծ Բրիտանիայի լավագույն փորձը՝ հզորացնել վերահսկողական կարողությունները, աշխատենք կանանց իրավունքները զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Թ. Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը տեղեկացրեց, որ դասընթացները, վերապատրաստումները մեկնարկելու են սեպտեմբերից: Դասընթացներն իրականացնելու են հիմնականում տեղի մասնագետները, նաև Մեծ Բրիտանիայից մասնագետներ կգան:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan