Մեյը խոստացել է Brexit-ի ընթացքում հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է Եվրամիությունից երկրի դուրսբերումն իրականացնել «սահուն ու կազմակերպված»՝ անսալով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքին: Այդ մասին ասված է նրա Էլեկտրոնային նամակում, որն ուղարկվել է երկրի քաղաքական իստեբլիշմենթի ներկայացուցիչներին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու գահաճառից առաջ, որը բրիտանական խորհրդարանում կհրապարակի կառավարության երկամյա ծրագրի հիմնական դրույթները:

«Քանի որ դա լինելու է կառավարություն, որը խորհրդակցում է եւ հաշվի առնում մյուսների կարծիքները, մենք պարզորոշ հասկանալ ենք տալիս, որ ցանկանում ենք Brexit-ն իրականացնել՝ համագործակցելով խորհրդարանի, գործարար շրջանների, երկրի ինքնավար մասերի վարչակազմերի եւ ուրիշների հետ, որպեսզի ապահովենք սահուն ու կազմակերպված դուրս գալը»,- այդ նամակից մեջբերում է անում Financial Times թերթը: Մեյի խոսքով՝ կաբինետի առաջնահերթ խնդիրն այն է, որ «Brexit-ն իրականացվի ճիշտ ձեւով»:

«Դա նշանակում է այնպիսի համաձայնագրի կնքում, որը կապահովի անցյալ տարվա հանրաքվեի արդյունքների կատարումը եւ կստանա առավելագույն հանրային աջակցություն»,-պարզաբանել է վարչապետը:

Մեյը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը մտադիր է ոչ միայն Brexit-ի պայմանների շուրջ առավել շահավետ համաձայնագրի հասնել Եվրամիության հետ, այլեւ ամրապնդել տնտեսությունը, ստեղծել ավելի արդարացի հասարակություն, բարձրացնել երկրի կարգավիճակը համաշխարհային ասպարեզում եւ համախմբել բնակչությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս


Ամենաընթերցվածն այս շաբաթ

Մենք Facebook-ում
website by Sargssyan